Քաղաք Արմավիր

Քաղաք Արմավիր

Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության "Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ"։ Արարատյան կամ Վանի թագավորության (Ուրարտական) շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի, որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, և մ.թ.ա. 331 թվականին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մ.թ.ա. 189 թվականին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին որ պատմահայր Մովսես Խորենացին նկարագրելով Արմավիրի կառուցումը և նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, Արմավիրը սկսեց անկում ապրել և դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական նշանակությունը և արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես «լքյալ մայրաքաղաք»։

Հատուկ առաջարկներ