Ամբերդ

Ամբերդ

Ամբերդում ամրոց է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Ամբերդի տարածքում կան կիկլոպյան շինությունների մնացորդներ, իսկ մոտակայքում՝ վիշապաձկների քարակոթողներ: Ամրոցը ներկայիս տեսքով կառուցել են Կամսարական իշխանները՝ VII դարում:

Ամբերդ ամրոցը և միջնադարյան բերդաքաղաքն ընդգրկում են ընդարձակ եռանկյունաձև հրվանդան, որի երկու կողմերում հոսում են Ամբերդ և Արքաշեն գետերը, որոնք միանում են հրվանդանի ստորին հատվածում՝ բնականից ևս անառիկ դարձնելով Ամբերդը:

Հուշարձանը բաղկացած է իշխանական եռահարկ դղյակից, բերդապարիսպներից, բաղնիքից, փոքր մատուռից, եկեղեցուց, գետնուղիներից: Ամրոցի անառիկ դիրքը էլ ավելի է ամրացվել պարիսպներով և բուրգերով: Հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված մեծ քանակությամբ գորգի կտորները վկայում են, որ դղյակի պատերը ծածկված են եղել գորգով:

Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են տեղանքի առանձնահատկություններից ելնելով, որոնք ճանապարհների նկատմամբ մուտքերի հաշվենկատ դիրքավորման հետ ստեղծել են պաշտպանական անառիկ մի համակարգ։ XIII դարի վերջին Վաչուտյանները դղյակի հյուսիս-արևմտյան մասում ավելացրել են մի նոր մուտք և թշնամու առաջխաղացումը արգելակելու նպատակով Արխաշանի դարպասից հյուսիս կառուցել պարիսպ, որը կտրում անցնում է բերդն ամբողջ լայնությամբ։ Արտաքուստ անմատչելի ամրոց հիշեցնող եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի հյուսիս–արևմտյան, ամենաբարձր և միակ մատչելի մասում և ընդգրկել մոտ 1500 քառ. մ. մակերես։ XII–XIII դարերում հյուսիսային կողմը լրացուցիչ ամրացվել է կիսաբոլոր բուրգերով հագեցված հզոր պարսպով։ Բերդամեջ նայող դղյակի հարավային ճակատի վրա պահպանվել են վերին հարկերի լուսամուտների բացվածքները։ Ապահովության համար ստորին հարկը լուսամուտներ չի ունեցել, այլ փոքրիկ մի մուտք, որը փակվել է սողնակավոր քարե դռնով։ Դղյակի հարկերը միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Յուրաքանչյուր հարկ ունեցել է հատակագծում սեղանաձև սենյակ։

Հատուկ առաջարկներ